Օմանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա հաջորդ ուրբաթ՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Թեհրանի միջուկային ծրագրի և ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման վերաբերյալ չորս փուլ են անցկացրել Օմանի մայրաքաղաք Մասկատում և Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Բացի այդ, Իրանը, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ուրբաթ բարձր մակարդակի հանդիպում են անցկացրել Ստամբուլում։               
 

Ընդհատված կյանքի շարունակություն` պատարագով

Ընդհատված կյանքի շարունակություն`  պատարագով
18.11.2014 | 11:36

Սույն թվի սեպտեմբերի 5-8-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հայրական օրհնությամբ կազմակերպվեց ուխտագնացություն դեպի Արևմտյան Հայաստան: Խումբն առաջնորդում էին Մարմարաշենի հոգևոր հովիվ տեր Թաթուլ քահանա Գասպարյանը և Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու խորհրդակատար տեր Զենոն քահանա Բարսեղյանը: ՈՒխտագնացության ամենակարևոր նպատակը վերջին տարիներին` սեպտեմբերի առաջին կիրակի օրը, Աղթամարի Սուրբ խաչ եկեղեցում մատուցվող պատարագին մասնակցելն էր: Այս անգամ դա աշնան յոթերորդ օրն էր։
Եվ ահա, ուխտագնացության մասնակիցները` մոտ 150 հոգի, քիչ-քիչ հավաքվում են Սուրբ Զորավոր եկեղեցու բակում` Անանիայի մատուռի մուտքի մոտ։ Գիշեր է։ ՈՒ տեր Զենոնի կողմից և տեր Թաթուլի ու սարկավագ Րաֆֆու մասնակցությամբ մատուցվող գիշերվա երրորդ ժամի ժամերգությունը խորհրդավոր է աստղացոլ երկնքի ներքո։ Աղոթք ենք հղում առ Բարձրյալը և ճանապարհ ընկնում:
Ավտոբուսը` գիշերային լույսերով ողողված, առաջ է սլանում։


Հոգևոր երաժշտության ելևէջներով պարուրված քուն ենք մտնում և արթնանում նույն այդ մեղեդու թովչական գրկում:
«Օրհնյալ լինի մեր Տեր Աստվածը, որովհետև արևից առաջ էր Նրա անունը…»։ Զորավոր եկեղեցու քահանա տեր Զենոնն է Արևագալի ժամերգություն սկսում:
Շամանդաղը մագլցում է լեռն ի վեր։ Ահա, կաթնագորշ գեղմի պես պարուրելով այն, դադար է առնում` տեղ հասավ։
Իսկ մենք շարունակում ենք սլանալ առաջ։
«Աստվա՛ծ իմ, Աստվա՛ծ իմ, ծարավել է իմ հոգին…»,- շարունակում է տեր Հայրը:
Առավոտն աղոթքով է լցվել։
Սահմանից սահման ենք անցնում. Հայաստանի սահման, Վրաստանի սահման, վազք, սպասում, նորից վազք, նորից սպասում։
Արդեն Արևմտյան Հայաստանում ենք… և ասես տնից դուրս եկել ու հարևան բակում ենք հայտնվել: Հողը, երկինքը, օդը, ամեն բան այնքան է հարազատ, որ մի պահ մոռանալ է տալիս մեր կապույտ անրջանքների երկիր ոտք դնելը: Եվ հենց իմ մտքերն է ասես, ավելի ուշ, մեր զրույցում բարձրաձայնում տեր Զենոնը. «Շատ հետաքրքիր էր. ես շատ երկրներում եմ եղել հոգևոր ծառայության: Ամեն տեղ զգում էի օտարության զգացումը` օտար երկիր, օտար պետություն, օտար մարդիկ: Բայց Արևմտյան Հայաստանում այդ օտարությունը չկար»:
Վերջին շրջանում գիտնականները հաճախ են պնդում, որ մոլորակը կենդանի մարմին է և ընկալում է ու նաև արձագանքում մեր ամեն արարքին։ Մենք դա իրապես զգացինք այնտեղ։ Զգացինք, որ հողը կենդանի է, որ քարը, թուփը, ջուրը նույնքան զգայուն են, նույնքան ապրումների ու տվայտանքների գերի, որքան մարդ-բանականը։
ՈՒ նաև, մինչ այժմ կարծում էինք` մենք ենք միայն դաժան կարոտի տերն ու տառապյալը։ Բայց հասկանում ենք, որ հողի կարոտը մերինից էլ բարկ է։ Մենք այն զգալու ենք ամեն պահ, ամեն քայլ նրան հպելիս ու հետո տանելու ենք մեզ հետ, որպես կտակ, որպես ծանր պատգամ, որպես վերադարձի աղերս։
Կանգ ենք առնում ճամփեզրի մի աղբյուրի մոտ։ Ի՜նչ անուշ է ջուրդ, իմ հող։ Աղբյուրի մոտ խռնված` շշերն ենք լցնում սառնորակ ու քաղցրահամ ջրով։
Գալուց առաջ միայն մղձավանջ ու արյուն էր մեր այն երկրի լուսե ճակատին կնքված։ Իսկ երազների մեջ կապույտի գույներ էին լոկ օրորվում` աննյութեղեն ու թափանցիկ։ Հիմա գույների հեղեղ է` լազուր ու ծիրանի, ոսկեհուր ու փիրուզ նրբերանգներ են` հոգի օրորող, որ ամեն կողմից ալիքվում են։ Երկիրը ջանում է հմայել մեզ մինչև վերջ, որ մեկընդմիշտ իր գերին դառնանք, որ …
«Հիմա տեսա՞ր, որ կենդանի եմ։ Ես գերեզման չեմ միայն, ես երկիր եմ` իր տիրոջը հավատարիմ սպասող ու կարոտից այրվող երկիր»։
ՈՒ եթե գերեզման էլ, ապա աչքը սիրելիների ճամփին։ Լքված շիրիմն ամենատխուր բանն է աշխարհում: Էլ չասած, որ սրբացած նահատակների «շիրիմներ» են այնտեղ։ Եվ ուրեմն` սրբավայր է հողն այն և իր ուխտավորներին է սպասում:
Անցակետից հետո կիլոմետրերով ձգվող կուսական լեռներ են ու դաշտեր։
Տեր հայրը կրկին ժամերգություն է հնչեցնում։ Աղոթքը դուրս է հորդում պատուհաններից ու ասես քիչ առ քիչ մաքրագործում նամազներից շնչահեղձ օդը, և հողն է` անապատի պես ծարավ ու անհագուրդ, կլանում իր մեջ աղոթքի ամեն մի բառը։
Կարսում ենք։ Ավտոբուսները կանգ են առնում անշուք մի վայրում, մոտենում ենք նույնքան անշուք մի վագոնի։ Այն փայփայանքով պահպանում են այդ քոչվորները։ Ինչպե՜ս չփայփայեն։ Այդ վագոնում ստորագրվել է Կարսի պայմանագիրը։
Եվ այդպես, Եղեռնի արյունոտ իրականությունն անամոթաբար դրոշի պես ձեռքին ծածանելով, վագոններում, թե շքեղ գրասենյակներում, Հայոց հարցը գնդակի պես այս ու այնտեղ գլորելով, մարդ չհիշեցնող այդ ցեղը տեր է դարձել մեր երկրի մեծ մասին:
Ինչո՞ւ, Տեր իմ Աստված, ինչո՞ւ։ Այստեղ ինչ-որ կերպ ասես գտած այդ հարցի պատասխանը, այնտեղ նորից կորցնում եմ, ու անվերջ մտքումս հետառաջ է անում այդ «ինչուն»։
«Իմ կարծիքով, մենք չափից ավելի ենք վստահում օտարներին,- մեր զրույցում իմ այդ հարցին պատասխանում է տեր Զենոնը,-և չենք վստահում ինքներս մեզ` մեր ուժերին: Մեզ թվում էր, թե օտարը մեզ կպաշտպանի: Նույնը եղեռնի ճանապարհին հայորդիների հետ էր. նրանք վստահ էին, որ իրենց հետ բան չի լինի:
Ով որ ապստամբել է, կարողացել է գոնե պաշտպանել ինքն իրեն։ Շատ հերոսական էջեր կան այդ օրերի:
Վանի ինքնապաշտպանությանը 1250 հայ էին, թուրքը` 12000: Եվ թուրքերն ունեին թնդանոթներ, հրանոթներ: Նրանք 27 օր չկարողացան գրավել Վանը: Որովհետև հայերը միաբան էին և կազմակերպված: Քաղաքում կային խմբեր, որոնք առավոտները հայրենասիրական երգեր էին երգում, կային վերանորոգողներ, ովքեր երեկոյան շտկում էին ավերածությունները: Երբ առավոտյան դուրս էին գալիս, տեսնում էին, որ նույն արգելքը նորից տեղում է:
Նույնը` Զեյթունը, Մուսալեռը, նույնը` մեր Արցախյան պատերազմը: Երբ մենք վստահում ենք մեկս մյուսին, ունենք գաղափար, որով առաջնորդվում ենք և միաբանված ենք, մեզ որևէ մեկը չի կարող հաղթել:
Դասեր է պետք քաղել պատմությունից: Մենք պետք է մեկընդմիշտ հիշենք դա. օտարին` թուրք լինի, թե որևէ այլ մեկը, չպետք է վստահել, այլ միայն` ինքներս մեզ, մեր եղբորը: Չէ՞ որ եղբոր խորհուրդն ավելի սրտագին է, ավելի ցավսիրտ, քան օտարինը, որը քեզ հետ ոչ մի առնչություն չունի և իր համար միևնույն է, թե քեզ հետ ինչ կպատահի»:
Իհարկե դժվար է հետ նայել սխալներ փնտրելու համար, բայց պետք է։ Որքան էլ աշխարհի հզորների ծրագրերով ազգի մեծամասնությունը դատապարտված էր, միևնույն է, չափազանց սթափ լինելու դեպքում գեթ մի փոքր գուցե կորուստները պակաս լինեին:
Անցնում ենք Կարսով: Քաղաքում թուրքական եռուզեռ է` սև չադրաների մեջ կամ միայն գլխաշորերով, անճաշակ գույների ու հանդերձների մեջ թրքուհիները ստվերների պես սահում են փողոցներով։ Այսօրվա Կարսը կեղտոտ, տգեղ քաղաք է, իսկ «մարդկանց» ընկալում և չենք ընկալում։ Ամեն բան այնքան է սխալ, որ ավելի հեշտ է` խանգարող ճանճերի պես ողջն այդ մի կողմ քշել և տեսնել միայն հարազատը… Կարսի հայաշեն տները, որ քիչ, բայց դեռ կան։
Մտովի անվերջ նահատակների հետ ենք, ասես մեր կողքին են նրանք. հողի պես` հայի կարոտ։ Ասես ոչ միայն ժամանակներն են խառնվել իրար, այլև այսդինն ու անդինը, տեսանելի և անտես աշխարհները: ՈՒ նրանք շշնջում են մեր ականջին` հովի ձայնով, ժպիտով արփաշողի։ Անսպասելի է, բայց ցավից ավելի` գորովանք ու ցնծություն կա նրանց շշունջի մեջ, և հարազատների զրույց է եղածը, վաղուց իրար կարոտած ու վերջապես գտած հարազատների։
Վարդանի կամրջով գնում ենք Կարսի բերդ։
Բարձունքի վրա ձգվող բերդապարիսպը առինքնող է իր ամրակուռ շինվածքով: Քայլում ենք կիսականգուն շինություններով, շոյում քարերը։
Բերդից ոտքով իջնում ենք Առաքելոց եկեղեցի: Կարսի ամրոցի մոտակայքում գտնվող մեր հրաշք, չքնաղ, 932-937-ին Աբաս Բագրատունի արքայի կառուցած Սուրբ Առաքելոց եկեղեցին 1994-ին անվանափոխվել է և վերածվել մզկիթի: Այն բաց է լինում միայն նամազի ժամերին։ Եվ այդ նամազ կոչվող ծաղրը չի ուշացնում իրեն հիշեցնելը։
Հանկարծ ամենուր բարձր սկսում է հնչել այն։ Պղծություն է թափվում երկրիս շքեղ պատկերներին։ Փակում եմ ականջներս։
Բայց ապրեն մեր աղջիկները. նրանք ավելի ճիշտ բան են մտածում և եկեղեցու առաջ ծնկած սկսում են` որքան հնարավոր է բարձր, «Տեր ողորմյա» երգել… Բոլորի աչքերը արցունքոտ են, խոնավ:
Արդեն մութ է, երբ կանգ ենք առնում մեր սիրելի պոետի` Չարենցի տան մոտ, և խղճուկ, ավերակված հյուղակի սև պատուհաններին հայացքներս հառած` փորձում ներսում պատկերացնել վազվզող մանուկ, չարաճճի երեխային, ով հետո պետք է դառնա իր ազգի հպարտություններից մեկը։
Բայազետում ենք: Բայազետ կամ Արշակավան։
Եվ ահա. առաջին գիշերը և առաջին առավոտը մեր կարոտի հողում: Դուրս ենք գալիս պատշգամբ, նայում մեր առջև փռված օտար շեներով հարազատ քաղաքին. «Վա՜յ, Մասիսը», ձայնում է ինչ-որ մեկը, բոլորս շրջվում ենք այդ կողմ. հուզմունքի և շփոթմունքի բացականչությունները բոլորիս շուրթերին են. «Մասիսը, Մասի՜սը», այն էլ հակառակ կողմից։
Իմ կապույտ Լեռը, որ միշտ միայն մեկ դեմք ուներ, մեկ գծագրություն ու մեկ գույն. հիմա, ասես լուսանկարային այդ միօրինակությունից դուրս եկած, մեր աչքն էր շոյում իր արդեն ամբողջական տեսքով: Ո՞վ է ասում, թե այն կողմից լեռը գեղեցիկ չէ: Ինչպե՞ս կարող է մեր սրբազան լեռը գեղեցիկ չլինել։ Երբեք այդքան չէի հուզվել նրա տեսքից, որքան, երբ տեսա Սիսը փոքրիկ մի գագաթի պես ծվարած Մասսի աջ լանջին։ Չքնաղ էր, շքեղ էր, վեհաշո՜ւք էր։
Ավտոբուսներն ուղղվում են դեպի Բայազետի բերդ` Դարոյնք: ՈՒխտավորները, հատկապես երիտասարդաց խմբի աղջիկները` Ալինան, Մարիամը, Քրիստինան, հոգևոր երգերով են լցնում Բայազետի փողոցները: Եվ կրկին ամենուր աղոթքներ են հնչեցվում։ Հայոց շարականների ու սաղմոսների ելևէջները` լուսե հունդերի պես, կախվում են օդում, քշվում քամու հետ։ Վստահ եմ` նրանք անպայման ծլարձակելու են մեր նախնյաց օրրանում։ Շրջակա լեռները ժայռեղեն են, վեր կարկառված ձիգ գագաթներով:
Դարոյնք բերդը, որն անվանվել է նաև Պայազատաց բերդ, ժայռերին ձուլված և նրանց հետ մեկ ամբողջություն կազմող ամրակուռ շինություն է:
Միայն դավաճան գործարքները կարող էին նման անառիկ բերդերը թշնամուն հանձնել: Ամեն տեղ պատմությունը նույնն է` կնքված պայմանագրերով ձեռքից ձեռք անցած, իսկ 1915-ից հետո, երբեմն փոքր-ինչ ուշ, թուրքական յաթաղանի` ամեն պայմանագրից ավելի հատու հարվածը։
«Ներել կարելի է զղջացողին,- ասում է տեր Զենոնը,- Եթե մեղավորը չի զղջում իր արածի համար, ի՞նչ ներելու մասին է խոսքը: Այս ժամանակներում էլ, և հատկապես այս ժամանակներում, պետք է զգոն լինել: Քրիստոնեությունը բնավ էլ չի կոչում խեղճության: Քրիստոնեությունը պայքարի կրոն է: Քրիստոնյայի կյանքը միշտ էլ պայքար է թե արտաքին, թե ներքին, թե երևութական և թե աներևույթ թշնամիների դեմ: Եթե քրիստոնյան դադարի պայքարելուց, նշանակում է այլևս քրիստոնյա չէ»:
Ավտոբուսի պատուհանից դուրս եմ նայում` տեսաֆիլմի պես սահող հմայքոտ տեսարաններին: Բայց մահմեդական գյուղը նորից փչացնում է ողջ հմայքը` փնթի, անճոռնի, կեղտագույն: Կրակագույն ձիերն են միայն ազնվացնում հեռանկարն իրենց ներկայությամբ:
Անձրև է սկսվել։ Հատուկենտ կաթիլները խփվում են ապակուն։ Մեր հոգու պես է երկինքը:
Բերկրիի ջրվեժ։ Իջնում ենք ու խռնվում դիմացի ափին: Փարթամ շիթերով ցած թափվող ջրվեժը վարսագեղ փերի է հիշեցնում կամ էլ այն գեղուհիներին, որ թուրք ոհմակից փրկվելու համար իրենց ցած էին նետում ` ջրերին խառնված։
Մեր կողքի սրճարանում չադրաներով և փնթի հանդերձներով այդ բաշիբոզուկների հետնորդներն են: Աթոռներին թիկնած սուրճ են վայելում և … յաթաղանից փախչողներին իրենց մեջ հանգիստ տված ջրերի դեռ անհանգիստ ու հուսահատ հևքը: Մինչև ե՞րբ։ Չի կարող այսքան մեծ սխալը անվերջ երկարել։ Չի կարող։
Թո՜ւրք… Աստված իմ, ոնց առաջ չէի նկատել, փաստորեն այդ ցեղը անուն էլ չունի։ Եղածը մեր կնքածն է ու հայերեն, երբ ճոճվող թրերի բազմությունը իր սև ստվերի տակ է առել ծաղկուն այգեստանները և մարդ հիշեցնող ոչինչ չի եղել այդ բազումքի մեջ` միայն թուր, իսկ հոգնակիով` թո՜ւր-ք…
Երևի ոռնացել են հաճույքից, որ ի վերջո անուն ունեցան։ Այն էլ իրենց ներս ու դրսին այդքան սազական։
Անցնում ենք կամրջով ու մյուս ափին նստած` Բերկրիի անցյալի հետ ենք: Գյուղը կար և գյուղը չկա։ «Իհարկե, պետք է ամեն բան անենք մեր հողը հետ վերցնելու համար, բայց դե հո միշտ չպետք է հետ նայենք, -ասում է Անահիտը,-ինչ եղել` եղել է…»։ Չհասցրեց խոսքն ավարտել անգամ. խաղաղ, արևոտ օրվա մեջ, ուր տերև անգամ չէր շարժվում, հանկարծ, մի ակնթարթում մոլեգին մի քամի, թե պտտահողմ բարձրացավ, պտտվեց մեր շուրջը` փոշու ամպ բարձրացրած, խառնեց ողջն իրար և շատ արագ էլ հանդարտվեց: Բոլորը զարմացած` քամուց պատսպարվելու համար ավտոբուսների մեջ էին արդեն, կամ խմբվել էին դրանց շուրջը։ Միայն մենք հասկացանք, թե ինչ կատարվեց: Երկուսս էլ գունատվել էինք. մեզ իր մեջ առած քամին բազմության աղաղակի ձայնով էր սուրում` Բերկրիի նահատակների ձայնով։
Հիմա հասկացա՞ք, որ անցյալը մեզ հետ է, որ ոչինչ չի անցել, եթե հատուցում չկա ոճրի դիմաց։ Մենք որ` լավ հասկացանք։
Մեզ Վանն է սպասում: Ահա և մեր ծովակը։ Մանրիկ ալիքները մարգարտաշաղ գորգ են հինել ու ցոլցլում են արեգակի ոսկեման ցնցուղի տակ: Տեր հայրը ասես իմ մտքերն է բարձրաձայնում. «Մենք դեռ էլի ենք գալու այստեղ. գալու ենք մի օր էլ` էլ չգնալու համար: Բայց պետք է անսասան լինենք, հավատն ու պայքարը մեկտեղած ապրենք, սուրն ու խաչը պետք է միշտ միասին լինեն: Եթե կարողանանք համախմբել ազգը այդ խաչի և սրի շուրջ, եթե նրանք դառնան միաձույլ և որևէ մեկը չկարողանա իր խժդժությունները ներմուծել նրանց միջև, կնշանակի, որ մեր ազգը Աստծո ողորմությամբ կունենա երազանքի կատարում»:
Նավերով հասնում ենք Կտուց անապատ, որտեղ մի քանի վանքերից միայն Սուրբ Կարապետի վանքն է կանգուն: Ժամերգություն է հնչեցվում և հոգեհանգիստ նահատակների հոգիների համար: Վանքը կենդանանում է, և անթաղ, անշիրիմ մեր ազգակիցների դեռ անհանգիստ հոգիները, վստահ եմ, որ ցնծում են և ներկա են մեր աղոթքին:
Մեկ ժամ ունենք Վանա ծովից մեր կարոտն առնելու: Մեզ հանձնում ենք կապուտակ ու ջինջ ալիքներին: Երկնքում` ջրերի վրա, ծիածան է հայտնվում և այդ ողջ ժամի ընթացքում մեր հայացքների առաջ է:
Ափին շուրջպար են բռնել. պարում են ինքնամոռաց, հողը թնդացնելով: Պարում են նրանց փոխարեն` որպես մեկ դար ընդհատված կյանքի շարունակություն։ Հաստատում են հայի լինելությունը, հողի և իր տիրոջ միավորումը կրկին։
Գիշերելու ենք Վանում։ Հասնում ենք գիշերով:
Վանի առավոտը… Կիրակի է։ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում այս տարվա միակ պատարագի օրն է, ուշանալու իրավունք չունենք:
Վանա ծովի ափին ենք: Նավերով ուղղվում ենք դեպի Աղթամար և շուտով ոտք դնում կղզու քարքարոտ ու սիրելի հողին։
Շտապում ենք։ Սուրբ Խաչի հրաշք կոթող-եկեղեցին արդեն` այս ու այն թփի կամ ծառի հետևից երբեմն` իր շքեղությունն ի ցույց դնելով, կանչում է մեզ: Դրսից զարդաքանդակներով դրվագված վանքը ապշեցնում է իր գեղեցկությամբ:
«Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին հնում Հայաստանի հոգևոր խոշոր կենտրոններից էր. Աղթամարի վանական համալիրի բաղկացուցիչ մասը: Կառուցվել է Վասպուրականի իշխան Գագիկ Արծրունու պատվերով, ճարտարապետ, քանդակագործ և նկարիչ Մանվելի կողմից: Տաճարի արտաքին պատերը զարդարված են 6 հորիզոնական շարք կազմող զարդաքանդակներով: Զարդաքանդակները ստեղծելիս Մանվելը հաշվի է առել հնարավոր դիտանկյունները և տարբեր ժամերի լուսավորությունը։ Պատերից մեկի վրա Գագիկ Արծրունու դիմաքանդակն է, կողքին` ողջ հասակով Քրիստոսը, որին արքան պարզում է եկեղեցու մանրակերտը: Աստվածաշնչի թեմաներով որմնաքանդակներից մեկի վրա պատկերված է Ադամի և Եվայի պատումը` արարումից մինչև դրախտից արտաքսումը: Արևելյան ճակատին պատկերված են Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալները: Նրանց կողքին են նաև Գրիգոր Լուսավորիչը, Արծրունյաց տան եպիսկոպոսները, արաբական արշավանքների ժամանակ հերոսացածները, այդ թվում` Արծրունյաց ցեղի 4 ներկայացուցիչ` հարազատներով շրջապատված: Եկեղեցու պատերից մեկին պատկերված է խաղողի մշակման ողջ ընթացքը` որթը տնկելուց մինչև գինու պատրաստելը»։
1915-ից… բնականաբար` կոտորած, թալան, ավերում։ Եվ միայն 2007-ին եկեղեցին վերանորոգվել է և արդեն, տարին մեկ անգամ, այնտեղ Սուրբ Պատարագ է մատուցվում:
Հայերիցս շատ` արդեն ներս ու դրսում վխտում են թուրք ու քուրդ թղթակիցներ, ոստիկաններ, պարզապես ընտանիքներով ասես «ներկայացում» տեսնելու եկած պարապ-սարապներ: Ամեն բան մտածված է, որ մենք մեզ տեր չզգանք: Եվ այստեղ նրանք այնքան էլ ստվերների նմանություն չունեն:
Պատարագի պատարագիչն է Պոլսի Հայոց պատրիարքության միաբաններից հայր Եղիշեն, մասնակցում են պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, հայոց Արևելյան Ամերիկայի թեմի առաջնորդ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, ինչպես նաև, տիեզերական պատրիարք հունաց Բարդուղիմեոսը, ասորի մետրոպոլիտը, բազմաթիվ այլ հյուրեր։ Վանքը հայոց Պատարագի օրհնությամբ է լցվում։ Հուզմունքը, որ տիրել էր ամեն մի հայի հոգու, դժվար է բառերով արտահայտել։ Պատարագը հնչում է որպես նահատակների վերջին աղոթքի շարունակություն, որպես լույս` հեղվող ամենուր սփռված անթաղ աճյուններին, որպես իրար միահյուս բողոք և աղոթք` Բարձրյալին ուղղված:
«Արի՛ Աստուած հարցն մերոց,
Որ ապավենդ ես նեղելոց:
Հա՛ս յօգնութիւն ծառայից քոց
Լեր օգնական ազգիս Հայոց:
Տէր, ողորմեա, Տէր, ողորմեա,
Յիսուս Փրկիչ, մեզ ողորմեա»։
Հետո բակում Անդաստանի կարգ է կատարվում` օրհնվում են աշխարհի չորս ծայրերը: Իմ մոմերն եմ վառում և «ողորմյա» շշնջում մեռյալների համար:
Արդեն հակառակ ափին` ծառերի հովանու տակ, Վանա տառեխ ենք համտեսում: Ձուկ չեմ սիրում, բայց ինձ թվում է, թե ամենահամեղ բանն է, որ ճաշակել եմ երբևէ:
Վանա բերդի` Տուշպայի ամրոցի մոտ ենք. անառիկ, բայց ընկած ամրոցի։
Ավտոբուսների կանգառին մոտ` հսկա վանդակի մեջ, Վանա փափլիկ, սպիտակամազ կատուներն են. տարբեր գույների ու անսահման թախծոտ աչքերով։ Կարոտի՞ց։ Դե, իհարկե, կարոտից։
Մհերի դուռ։ Ժայռի բարձունքում ժայռակոփ, փակ դուռն է։
Ազգովի երազ ունենք այն բացված տեսնելու: Ազգովի կարոտն ունենք Մհերի վերադարձի: Մտածում ենք, ելքեր փնտրում, հետո նորից գալիս ու դեմ առնում, ասես մեր բախտի ճանապարհին փակուղի դարձած այդ դռանը: Ո՞վ այն նույնացրեց մեր ապագայի ճար ու դարմանի հետ, չեմ հասկանում։
Վարագավանքն է գիշերով մեր դեմ հառնում. Ժամանակին Արևմտյան Հայաստանի կրոնական, կրթական և մշակութային նշանավոր կենտրոններից մեկը, այժմ ավերակ վիճակի մեջ: «981 թվականին Վասպուրականի Սենեքերիմ թագավորի կինը և Գագիկ Բագրատունու դուստրը` Խաշխուշ թագուհին, կառուցել են Վասպուրականի Սուրբ Սոֆյա եկեղեցին։ ՈՒշ միջնադարում եկեղեցին վերածվել է ամրոցի, այդ իսկ պատճառով կոչվել է Բերդավոր։ 1857 թվականին Վարագա վանքի վանահայր է նշանակվել Խրիմյան Հայրիկը, ով մեծ ջանքերով կարողացել է վանքը հանել Վանի առաջնորդների իրավասություններից և դարձնել անկախ։ 1896 թվականին, հայկական կոտորածների ժամանակ, Վարագա վանքը կողոպտվել, իսկ 1915 թվականին իսպառ լքվել և ամայացել է»:
Քուրդ պահակը հայ ուխտավորների փողերով քչից-շատից հսկում է վանքը, որ մնացած քարերով գեթ քրդական իրենց խղճուկ հյուղերի ճաքերը չփակեն: Չեմ զարմանա, եթե հաջորդ գալուն, վանքի կողքին մի հսկա առանձնատուն վեր բարձրացած լինի, և չի բացառվում, որ` տեղ-տեղ վանքի քարերով։ Դե, ոչինչ անել չենք կարող. ընդամենը ես էլ իմ բաժինն եմ դնում դոլարի կույտի վրա` ոչ քրդին, այլ Վարագա վանքին մտովի հղելով այն։ Իսկ հիմա ժամն է ժամերգության, աղոթքի։ Մեր ձեռքերում պահած վառվող մոմերից այնքան էլ չենք տարբերվում երևի. նույն կրակն է մեր հոգում, նույն ծուխը և հույսի նույն բարալիկ լույսը խավարի մեջ:
Կրկին գիշերում ենք Վանում: Արևագալի տարտամ լույսերի մեջ հեռանում ենք Վանից:
Գնում ենք մեր Լեռը։ Արարատի լանջին նախաճաշ վայելելու: Այո, հենց այդպես, նստել ենք ավտոբուս ու գնում ենք։
Ճանապարհի` Արարատին ամենամոտ մասում, դե, գրեթե լանջին, հենց ճամփեզրին նախաճաշն են բաժանում:
Նորից ավտոբուսում ենք:
Աղջիկները երգում են. «Ախ ինչ լավ են սարի վրա անցնում օրերն…»։ Ձեր փոխարեն ենք երգում, սիրելիներս, տառապյալներս, մենք փաստորեն ձեր կարոտն ենք այսքան ժամանակ կրել մեր մեջ ու պարպում ենք հիմա` մեր որբուկ տան գրկում: Ես չգիտեի, որ այսքան նույնն ենք ու միահյուս։
Մեր դիմաց Անին է։ Փոշու ու քարերի միջով վանքից վանք ենք անցնում` Ամենափրկիչ, Տիգրան Հոնենցի, Առաքելոց, Մայր տաճար։ Մյուսները որպես քարակույտեր սփռված են մեր շուրջը: Մյուսները` Անի քաղաքի հազար ու մի եկեղեցիները։
Այսօր նրանցից միայն մեկում` Մայր տաճարում ժամերգություն է հնչում։ Եվ քիչ չի թվում ոչինչ` ոչ աղոթքի օրհնությունը` ամեն կողմ ալիքվելով տարածվող, ոչ ներկաների հոգիների սերն ու հավատն առ Աստված, ոչ էլ խորհուրդը` պահի մեջ ամբարված։ Քիչ չէ` Անիի բազում եկեղեցիների համատեղ հնչող պատարագների համեմատությամբ անգամ։
Անին մեզ համար դաս պետք է լիներ` խոնարհության և ճշմարիտ հավատի դաս։ Բայց իմ քաղաքն եմ հիշում` միմյանց հետ մրցության մարմաջով բռնված երկրիս այսօրվա տերերի` մեկը մյուսից ավելի ճոխ ու հոյակերտ «պալատները»։ Անիում գոնե եկեղեցիներ էին կառուցում։
Թողնում ենք մեր հրաշք, բայց վերքոտ քաղաքը և բռնում վերադարձի ճանապարհը։ Սակայն, հրաժեշտ չէ, որ տալիս ենք։ Այսուհետև` մեր աղոթքների շնչով փոքր-ինչ ապաքինված հողը մեզ հետ է լինելու ամեն ժամ, ամեն պահ։ Մինչև որ, Աստծո օրհնությամբ և օգնությամբ, վերջապես ջնջվի մեր կյանքերից այդ մեծ սխալը` չարի խրախճանքի դեռ շարունակվող երթը մեր Լեռից այն կողմ, նախճիրի զոհերի շեներում ու այգեստաններում իրենց ավարը դեռ վայելողների ներկայության տեսքով։ ՈՒ գա հատուցման ժամանակը…


ՆԱՆԵ
Բանաստեղծուհի, հրապարակախոս

Դիտվել է՝ 1144

Մեկնաբանություններ